Հազարամյակ էլ անցնի, քանի կա արցախցի, Արցախ վերադառնալու հույսը չի մարելու․ արցախցի
Հասարակություն
21:10 29/03/2025
Հայաստան

Հազարամյակ էլ անցնի, քանի կա արցախցի, Արցախ վերադառնալու հույսը չի մարելու․ արցախցի

 

Բռնի տեղահանումից հետո արցախցի երիտասարդ ընտանիքն ապրում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։Ունեն երկու աղջիկ։ Panorama.am-ին պատմեցին՝ Ստեփանակերտում կյանքը շատ լավ էր, Երևանում սոցիալական դժվարությունների շատ են բախվում։ Հիմա Ազատության հրապարակ են եկել՝ Արցախ վերադարձի պահանջով։

«Արցախ վերադարձի իրավունք ենք պահանջում։ Մեր էրեխեքը ինչքան կան, իրանց էրեխեքն էլ ինչքան կլինեն, ինչքան լինի արցախցի, էնքան էլ Արցախը լինելու է մերը։ Կարող է հազարամյակներ անցնի, բայց վերադարձի մեր հույսը չի մարելու։ Հույսը վերջին է մահանում, մինչև վերջ էլ մեր հույսը կպահենք, մինչև վերջ էլ պայքարելու ենք։ Ինչ մեզանից կախված լինի, մեր էրեխեքից կախված լինի, անելու ենք ամեն բան»,- ասաց արցախցին։

Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներին, ապա երիտասարդ արցախցին նշեց, որ աշխատում է շինարարության ոլորտում, աշխատանքից գոհ է, թեև մտավախություն ունի, որ սոցիալական աջակցություն չտրամադրելու դեպքում չի հասցնի ընտանիքի կարիքները հոգալ։

«Արցախում եղել եմ փրկարար ծառայող, եղել եմ բանակի ծառայող։ Հիմա շինարարության մեջ եմ։ Փառք Աստծո, գոհ եմ։ Եթե ապրիլից կրճատեն  սոցիալական աջակցությունը, դժվար է լինելու, շատ դժվար ։ Հիմա էս պահին մեր այդ աջակցության չափը կազմում է 200.000։ Ձմռանը մեր կոմունալը եղել է 70-ից, 80 կամ 90.000 դրամ։ Դե փոքր էրեխեք են։ Էդ աջակցությունը՝ 200.000-ը, մեր տան վարձն է։  Կամոնալի հարցը կա»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հազարամյակ էլ անցնի, քանի կա արցախցի, Արցախ վերադառնալու հույսը չի մարելու․ արցախցի